Բարի գալուստ Կողբ




Հետաքրքիր փաստեր

Գիտե՞ք արդյոք, որ Կողբի գյուղական թանգարանը իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Այստեղ հնարավորինս ներկայացված է Կողբի անցյալը, կենցաղը, կյանքը:


Լուսանկարներ

Գյուղի մասին

Հնում Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի վարչական կենտրոն, ինչպես հիշատակված է պատմության էջերում (Փավստոս Բյուզանդ, Մովսես Խորենացի՝ «Պատմություն Հայոց» 387թ.): Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից: Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների: Կողբը ունեցել է վանքեր, մատուռներ, սրբատեղիներ, դրանցից ամենալավ պահպանվածը Մշկավանքն է (10-13-րդ դդ):


Հայաստանում առաջին գյուղական կուլտուր-տնտեսական արտելը (ՀԷԿ, փայտամշակման կոմբինատ, սղոցարան՝ 1921թ.), առաջին գյուղական հիվանդանոցը (1920թ.) և փորձնական անտառտնտեսությունը (1922թ.) հիմնվել են Կողբում: Մինչև 1928-ին դպրոցի շենքի կառուցումը, Կողբում գործել է ծխական դպրոց, ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում: Այդուհանդերձ գյուղում գիտակրթական մակարդակը եղել ու պահպանվում է բարձր հիմքերի վրա:

Շուրջ 5100 բնակչություն ունեցող Կողբում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, երկու գրադարան, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց: Կողբում են գտնվում Նոյեմբերյանի անտառտնտեսությունը, զինվորական զորամասը, «Զիկատար» անտառի ուսուցման տարածաշրջանային կենտրոնը և այլ արտադրական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններ:

Կողբում առանձնակի ուշադրություն է դարձվում մարզամշակութային կյանքին և երիտասարդությանը հուզող հարցերին՝ չնայած սոցիալական շատ խնդիրների: Գյուղում կարող են և հպարտանում են շատ հանրահայտ կողբեցիների անուններով, ովքեր երկրի կառուցման, կառավարման, պաշտպանության, մշակույթի և զարգացման գործում իրենց ավանդն ու դիրքն ունեն: Մեծ է հարգանքը Հայրենական Մեծ  պատերազմի հերոս Ջահան Կարախանյանի հանդեպ, ինչպես նաև բոլոր նրանց հիշատակի, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի:

Բնությունը շռայլ է գտնվել կողբեցիների հանդեպ՝ պարգևելով գեղեցիկ բնաշխարհ ու արժանավոր զավակներ, ովքեր իրենց գործով ու կյանքով դարձել և վաստակել են հայ կոչվելու մեծ իրավունքը:




↑ Վեր
Հաջորդ էջը:Կողբի համայնքապետարան