Կողբի պատմության թանգարան


header

Կողբ գյուղի պատմության թանգարանը հիմնվել է 1970թ.-ին Սուրեն Աբովյանի կողմից՝ ով 1946թ.-ից 1999թ.-ը եղել է Կողբի մշակույթի տան տնօրեն, այնուհետև մինչ 2009թ.՝ ֆոնդապահ: Սուրեն Աբովյանի աշխատանքային գործունեությունը հարուստ է բազում ձեռքբերումներով և նվաճումներով: Մեծ է նրա ավանդը գյուղի մշակութային կյանքի զարգացման, պատմամշակութային արժեքների պահպանման և դրանց հավաքագրման գործում:

Կողբի գյուղական թանգարանը իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Այստեղ հնարավորինս ներկայացված է Կողբի անցյալը, կենցաղը, կյանքը: Թանգարանը ունի մեծ, ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից, որոնք ի հայտ են եկել պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, վար ու ցանքի ժամանակներում:

Ցուցանմուշները տեսակավորվել ու ցուցադրվում են առանձին խմբերով՝ բնորոշելով ժամանակաշրջանն ու օգտագործման նպատակը: Թանգարանում մեծ տեղ են գրավում ազգագրությանը վերաբերող ցուցանմուշները:

Քանի որ տարածաշրջանը ունեցել է լավ աշխարհագրական դիրք, մեղմ կլիմա, հարուստ բուսականություն ու կենդանական աշխարհ, ուստի այն խիտ բնակեցված է եղել գրեթե բոլոր հազարամյակներում: Այդ են վկայում նաև գտնված և թանգարանում պահվող շատ ցուցանմուշներ, որոնք բնորոշվում են ուշ բրոնզե դարով:

Քարարկղային դամբարանից գտնված թուրը լավ է պահպանված, որը թանգարանի եզակի նմուշներից է: Այսպիսով թանգարանում պահվող կավից ամանները և որոշ ցուցանմուշներ ունեն 3000-ից 3700 տարվա վաղեմություն: Հետաքրքիր են ցուցադրված մետաղադրամները, Կողբ գյուղի եկեղեցիների մակետները, ձեռագործերը, Մեծ հայրենականի զոհվածների, անհայտ կորածների, բռնադատվածների լուսանկարները, նամակներն ու սև թղթերը, կենցաղում օգտագործված իրերը, Կողբ գյուղի անվանի մարդկանց անկյունները: Կողբի թանգարանում օրեցօր ավելանում են ցուցանմուշները և այցելուների թիվը, ովքեր իրենց գրառումներն ու տպավորություններն են թողնում մատյանում:




↑ Վեր
Հաջորդ էջը:Կողբեցի անհատներ
Նախորդ էջը:Թատրոն