Բժիշկներ


Կոլյա Եգորի Նասիբյան

Ծնվել է 1920թ. ապրիլի 14-ին Կողբ գյուղում, ատաղձագործի ընտանիքում: Սովորել է Կողբի դպրոցում մինչև 8-րդ դասարան, այնուհետև ուսումը շարունակել է Թիֆլիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո` 1937թ. ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Մեծ հայրենական պատերազմի սկսվելուց հետո ուսանող Նասիբյանին արտահերթ տրվում է բժշկի դիպլոմ և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի ընթացքում պարգևատրվում է «Կարմիր աստղի» երկու շքանշաններով, «Քյոնիգսբերգի գրավում»   և «Բեռլինի գրավում» շքանշաններով, Չեխոսլովակիայի ազատագրության շքանշանով և «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ» կոչումով: Բժիշկ Կոլյա Նասիբյանի համար պատերազմն ավարտվեց Պրագայում` 1945թ.: Նա հայրենի գյուղ վերադարձավ միայն Մեծ հայրենականի ավարտից հետո` 1946թ.: Եռանդուն աշխատելով և բուժման պրակտիկա ձեռք բերելով, նա նաև դարձավ գյուղի հասարակական ակտիվիստներից մեկը, փորձելով սանիտարահիգիենիկ կուլտուրա մտցնել գյուղում: Նրա նախաձեռնությամբ Ծակ քար-Գունգ ջրագիծը վերանորոգվեց, սկսվեցին գյուղի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Կոլյա Նասիբյանը ջանքեր չխնայեց որպեսզի գյուղում ստեղծվի կոլխոզային առողջարան, ինչպես նաև ակադեմիկոս Արտո Ալեքսանյանի հետ ձեռնամուխ եղավ նոր գյուղական հիվանդանոցի ստեղծմանը: Շուրջ 10 տարի աշխատելով գյուղական բժիշկ` Կոլյան (ինչպես ժողովուրդը նրան դիմում էր) մարդկանց նկատմամբ իր հոգատարությամբ և բարությամբ կարողացել էր նվաճել ժողովրդի սերն ու հարգանքը ոչ միայն Նոյեմբերյանի շրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Իր մասնագիտության նկատմամբ սերն ու նվիրվածությունը ինչ-որ տեղ դարձավ նրա անժամանակ և ողբերգական մահվան պատճառ: Մի անգամ կեսգիշերին նրա տան դուռը թակեցին: Հեռավոր գյուղից` Դոստլուից (Բարեկամավան) էին, խնդրում էին օգնություն ցույց տալ հղի կնոջը: Գիշերը մառախլապատ և անձրևային էր, բժիշկը անկողնուց վեր կացավ, նստեց ձիու թամբին և սլացավ փրկելու ծննդկանի կյանքը, սակայն ճանապարհին ձին սայթաքում և ընկնում է բժշկի հետ միասին: Չնայած դժոխային ցավերին, բժիշկ Նասիբյանը այնուամենայնիվ հասնում և հաջողությամբ ընդունում է ծնունդը... Չխնայելով իրեն, նա ամբողջությամբ տրվում էր, նվիրվում իր մասնագիտությանը և մարդկանց: Հաջողությամբ հանձնելով թեկնածուական նվազագույնը, բժիշկը պատրաստվում էր պաշտպանել դիսերտացիա: Սակայն հենց դիսերտացիայի պաշտպանության նախօրեին Կոլյա Նասիբյանը ծանր հիվանդանում է: Դա այն չարաբաստիկ գիշերվա դաժան հետևանքն էր: 1955թ. ապչիլի 8-ին, գաչնանային առավոտյան բժիշկն այլևս չկար: Նա մահացավ 35 տարեկանում, մարդկային սրտերում իր մասին թողնելով պայծառ հիշատակ: Բժիշկ Կոլյա Եգորի Նասիբյանին վերջին հրաժեշտ տալու համար ժամանել էին գրեթե ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից: Նրան ճանապարհում էին ամբողջ գյուղով: Մի գիշերվա մեջ կամուրջ պատրաստելով Կեղբա գետի վրայով, նրա աճյունը ամբողջ գյուղով շրջեցին և ամփոփեցին իր տնից ոչ հեռու գտնվող Գունգ կոչվող բարձունքին, այն տեղի մոտակայքում, ուր նրա նախաձեռնությամբ ջրագիծ էր անցկացվել... Բժշկի գերեզմանի տապանաքարին փորագրված է. «Մարդիկ, սիրեցեք և հարգեցեք այս շնորհաշատ մարդուն, նա շատ էր սիրում ու հարգում մարդկանց»:

Բժշկի մահվանից հետո, ԽՍՀՄ կառավարության որոշումով Կողբի գյուղական հիվանդանոցը կոչվեց Կոլյա Եգորի Նասիբյանի անունով: Հետագայում, 1973թ. Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցն էլ  անվանակոչվեց և մինչև օրս էլ կրում է Կոլյա Նասիբյանի անունով, իսկ նրա բակում կանգնեցվեց Ճանաչված քանդակագործ Ֆրեդ Սողոյանի կերտած Կ. Նասիբյանի հուշարձանը: Անվանի բժշկին նվիրված` 1960 - ականներին «Արմենֆիլմը» լիամետրաժ կինոֆիլմ նկարահանեց «Ապրում էր մարդը» վերնագրով: Բժշկի դերում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն էր նկարահանվել: Նաև բազմաթիվ գրքեր կան գյուղական բժիշկ Նասիբյանի մասին, այնպիսի գրողների հեղինակությամբ, ինչպիսիք են Վարդգես Պետրոսյանը, Գևորգ Էմինը, Զորի Բալայանը, Սողոմոն Գարբուզովը, Ռաֆայել Փարսադանյանը:

Բժիշկ Կոլյա Նասիբյանի հիշատակը հավերժ կմնա կողբեցիների հիշողության մեջ:

Արտավազդ Բագրատի Սահակյան

Ծնվել է 22.02.1953 թ.

Մասնագիտացումը՝  պլաստիկ վիրաբուժություն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ - 1996թ. առ այսօր Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ: 1992-1996թթ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ: 1985թ. առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ: 1985-1996թթ. Կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար: 1976-1982թթ. Դնեպրոպետրովսկի թիվ 16 հիվանդանոց,  ընդհանուր վիրաբույժ, ՈՒկրաինա:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - 1989թ.  գիտական թեզի պաշտպանություն - "Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա" թեմայով, բ.գ.թ., Մոսկվա, ԽՍՀՄ: Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ-ի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի բժշկի դիպլոմ խրախուսական պատվոգրով: 1982-1984թթ. Ա.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրա: 1969-1975թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ, ուսանող:

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 200 և ավելի գիտական հոդվածներ հայկական, ռուսական և արտասահմանյան այլ ամսագրերում, հեղինակ է մի շարք հայտնագործությունների:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ - Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) անդամ: Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության (ESPRAS) անդամ: Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ:

Կապ - հեռ. +374 (10) 563751

Մարտուն Նիկոլայի Նասիբյան

Ծնվել է 1943թ. մարտի 22-ին` գյուղական բժշկի ընտանիքում: 1950-60թթ. սովորել է Կողբի թիվ 1 միջն. դպրոցում: 1961թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1967թ. այն ավարտելով` ուղարկվել է Աֆղանստանին սահմանամերձ Տաջիկստան ՍՍՀ-ի Կուլյաբի շրջան` որպես վիրաբույժ: 1968թ. հայկական ՍՍՀ  առողջապահության նախարարի հրամանով, Մարտուն Նասիբյանին ուղարկում են Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոց: 1968-1984թթ. լինելով առաջատար վիրաբույժ Նոյեմբերյանում, միաժամանակ 1974թ. -ից աշխատել է որպես գլխավոր բժիշկ և տնօրեն: Նասիբյանի կողմից այդ 15 տարիների ընթացքում ավելի քան 8000 վիրահատություն է կատարել: 1984թ. նրան տեղափոխում են Մասիսի շրջանային հիվանդանոց` որպես գլխավոր բժիշկ, որտեղ աշխատել է մինչև 1994թ.: Այնուհետև Նասիբյանը մշտական բնակության է մեկնել Ռուսաստան: 1994 թ. մինչև օրս Մոսկվայի ՀԻՄ նախարարության համար 54 հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժնի վարիչ է:

Պարգևատրվել է Հայաստանի կառավարության պատվոգրով:

Արարատ Բագրատի Սահակյան

Բժշկության գիտությունների թեկնածու, պրոկտոլոգ: Ծնվել է 1951թ. հուլիսի 12-ին՝ Կողբում: 1958-1968թթ. Սովորել և ավարտել է Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1969-1975թթ. սովորել է ԵրԲԻ-ում, բուժական գործ մասնագիտությամբ, նեղ մասնագիտացումը ՝ «Վիրաբուժություն»: 1976-1978 թթ. Ծառայել է ԽՍՀՄ բանակում, որպես բժիշկ-վիրաբույժ: 1978-1982 թթ. Աշխատել է Նոյեմբերյանի ԿՇՀ-ում, որպես ընդհանուր վիրաբույժ: 1982թ-ից մինչ օրս՝ վիրաբույժ-պրոկտոլոգ՝ Պրոկտոլոգիայի ԳՀԿ-ում, ներկայիս «Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ում: 1993թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Բազմիցս վերապատրաստվել է Պրոկտոլոգիայի առաջատար կենտրոններում՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ արտասահմանում: Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների հայրենական և արտասահմանյան գիտական ամսագրերում: Ներկայումս հանդիսանում է  Երևանի Բժշկական համալսարանի Պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Սուսաննա Սահակյան

Ծնվել է Կողբում 1947 թ. օգոստոսի 16-ին, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում 1954-1965 թվականներին՝ գերազանց գնահատականներով: 1965-1971 – Սովորել և ավարտել է Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը: Մասնագիտությամբ սրտաբան-թերապևտ է: 1971թ. մինչև օրս՝ աշխատում է Նոյեմբերյանի առողջապահական համակարգում: 2008 թ. մայիսի 28-ին պարգևատրվել է «Մխիթար Հերացի» շքանշանով՝ նախագահի կողմից:

Լուսյա Դիլոյան

Կողբի գյուղական հիվանդանոցի երկարամյա բժշկուհի /1932-2000/ : Աշխատել է 43 տարի, ստացել է վաստակավոր բժշկուհու կոչում:

Աննա Բարսեղյան (Տիկին Աննա)

Հայրենադարձ, գյուղական մանկաբարձուհի՝ ով երկար տարիներ աշխատել և ապրել է Կողբում:

Էմմա Վահրամյան

Գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ապրել և աշխատել է Մոսկվայում (1912 - 1992):



↑ Վերև
Հաջորդ էջը:Արվեստագետներ
Նախորդ էջը:Գրողներ