Սպորտ


header

Կողբում սպորտը միշտ բարձր հիմքերի վրա է եղել: Դեռևս 1940-ականներին գյուղն ունեցել է բավականին ուժեղ և մրցունակ վոլեյբոլի թիմ, այնուհետև հաջորդ տասնամյակներում լավ թեթևատլետներ, բասկետբոլի և ֆուտբոլի ուժեղ թիմեր, նշանավոր ըմբիշներ, լավ շախմատիստներ, իսկ վերջին տարիներին՝ նաև շնորհալի մարզիկներ արևելյան մենապայքարային մարզաձևերում: Կողբում մշտապես զարգացած է եղել մասսայական սպորտը, լավ հիմքերի վրա է դրված ֆիզկուլտուրան դպրոցներում:

Կողբն ունեցել է ուժեղ անհատ մարզիկներ` ըմբիշներ Գարեգին Ավագյանը, Մարտիկ Աղաբաբյանը, Յուրիկ Եսայանը, Գուրգեն Ազատյանը, Արարատ Փաշիկյանը, Սեյրան Աբովյանը, Կարապետ Սիմոնյանը և այլք, ովքեր աչքի են ընկել ամենատարբեր առաջնություններում: Նրանցից մի քանիսը ԽՍՀՄ սպորտի վարպետներ են:

Իրենց տպավորիչ խաղով աչքի են ընկել վոլեյբոլիստներ Աղասի Ղարախանյանը (1940-1950),  Արտավազդ Նասիբյանը (1950-1960), Վանիկ Ալիխանյանը, բասկետբոլիստներ Աշոտ Խասիկյանը, Լևոն Քոչարյանը, Մարատ Հարությունյանը, Ռաշիդ և Խաչիկ Ավագյանները, Ավետիք Աբովյանը, Կարեն Յարալյանը և այլք, ովքեր խաղացել են շրջանի հավաքականում:

Կողբում ֆուտբոլը եղել և մնում է առանցքային մարզաձև: Դեռևս 1950-ականներից սկսած, մինչև օրերս գյուղի ֆուտբոլի թիմը տարածաշրջանում եղել է ուժեղագույններից, իսկ 1980-1988 թթ. անընդմեջ դարձել է շրջանի չեմպիոն և գավաթակիր: Ամենամեծ նվաճումը եղել է 1987 թվականին, երբ «Կողբ» թիմը (մարզիչ՝ Վանիկ Հարությունյան) հասավ մինչև Հայաստանի գավաթի եզրափակիչ, իր ետևում թողնելով չեմպիոն Դիլիջանի «Իմպուլսին»: Սա եզակի դեպք է հանրապետությունում, որ որևէ գյուղական թիմ ունենա այդպիսի հաջողություն: Այդ նվաճման համար միանգամից 18 ֆուտբոլիստներ արժանացան 1-ին կարգայինի կոչման: 1989 թվականին թիմը հասավ ավելի ակնառու հաջողության՝ նվաճելով Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսը: 1992 թվականին ձևավորվեց «Ազնավուր» թիմը (մարզիչ՝ Վրեժ Աբովյան): Թիմը բավականին հաջող էր հանդես գալիս ՀՀ բարձրագույն խմբում: Կողբեցի տղաներից կարելի է նշել Վրեժ Աբովյանին, Գևորգ Ազատյանին, Ռաշիդ Ավագյանին, Հայկ և Արմեն Խասիկյաններին, Արամայիս Ղազարյանին, Շիրակ Սառիկյանին, Կարեն Աբովյանին և շատ ուրիշների, ովքեր իրենց փայլուն խաղով ուրախ և հաճելի պահեր են պարգևել ֆուտբոլասերներին:

2000 թվականին գյուղն ունեցավ միջազգային ամենամեծ նվաճումը: ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում Կողբեցի կարատեիստ Միսաք Փաշիկյանը հռչակվեց աշխարհի կրկնակի գավաթակիր. հետագայում էլ Միսաքը մի քանի անգամ աշխարհի, Եվրոպայի և Ասիայի առաջնություններից տուն վերադարձավ, որպես  հաղթող և մրցանակակիր՝ բարձր պահելով հայրենի գյուղի և Հայաստանի պատիվը:

Կողբն ունեցել է նաև լավ շախմատիստներ, ովքեր շրջանային մրցաշարերում միշտ էլ հաջողությունների են հասել: Կարելի է նշել մի քանիսին. Կոլյա Ջիլավյան, Լևոն Քոչարյան, Վազգեն Ազատյան, Լևոն Ղուլիջանյան, Մարինե Ղարագյոզյան, Գագիկ Խասիկյան: Վերջինս 1980-ականներին մասնակցել է շախմատի «Նամակագրություն ԽՍՀՄ» ձևում, Հայաստանի առաջին խմբի առաջնություններին: Նա վերջին տարիների շրջանի առաջատար շախմատիստներից է:

Կողբում բարձր հիմքերի վրա է մանկապատանեկան սպորտը: Հիմա գյուղում գործում է թաեքվոնդոյի երկու խմբակ (մարզիչներ՝ Հ. Ղազարյան, Ս. Եգանյան), ֆուտբոլի երկու տարիքային խմբով խմբակներ (մարզիչ՝ Ա.Խասիկյան), բասկետբոլի խմբակ (մարզիչ՝ Ս. Աբովյան ), 2005 թվականին գյուղի ֆուտբոլի պատանեկան թիմը (մարզիչ՝ Վ. Ավագյան) ՀՀ «Հուսո գավաթ» մրցաշարում դարձավ երկրորդ մրցանակակիր: 2009թ. ֆուտբոլի «Զիկատար» թիմը(1994թ. ծնվ.) հաջողությամբ մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությանը (մարզիչներ՝ Ս. Տիրացվյան, Ա.Խասիկյան), գրավելով երրորդ տեղը:

Հանրապետական մրցաշարերում ունենք նվաճումներ նաև թաեքվանդո մարզաձևից. հատկապես լավ են հանդես գալիս թիվ 1 դպրոցի մարզիկները (ուսուցիչ՝ Կ. Սիմոնյան), ովքեր վերջին տարիներին մի շարք մարզաձևերից նվաճել են շրջանի և մարզի չեմպիոնի կոչումը:

Խորհրդային ժամանակներում երկար տարիներ շրջանային սպորտ-կոմիտեն և գյուղական «Սևան» ԿՄԸ-ն ղեկավարել են կողբեցիներ Հմայակ Աբովյանը, Արտո Ալեքսանյանը, Մարտիկ Աղաբաբյանը, Սեյրան Ղուլիջանյանը: Տավուշի մարզում ՀՖՖ լիազոր ներկայացուցիչն է Վրեժ Աբովյանը: Գյուղում սպորտ-հրահանգիչներից կարելի է նշել Սեդրակ Սահակյանին, Սեյրան Աբովյանին, Վահե Ավագյանին: Հիմա այդ աշխատանքը կատարում է նախկին ֆուտբոլիստ Արմեն Խասիկյանը:

2007թ. հուլիսի  3-ից 7-ը ինչպես նաև 2010թ. ամռանը գյուղի մարզադաշտում անցկացվեց «Բաց Զվարճալի Ֆուտբոլի Դպրոցներ» (OFFS) միջազգային ծրագիրը (նախաձեռնող՝ Վ.Աբովյան), որին մասնակցեցին շուրջ 200 երեխաներ՝ Կողբից և շրջակա համայնքներից: Այն գերազանց անցկացնելու համար միջազգային համակարգողների կողմից գյուղի մարզադպրոցին տրվեցին բավարար քանակի գնդակներ և այլ մարզագույք:

2013թ.-ին շահագործման հանձնվեց ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզադահլիճ (30 X 18 մ.): Ինչպես նաև նույն թվականին վերանորոգվեց Կողբի թիվ 2 դպրոցի մարզադահլիճը:

Գյուղում ավանդական դարձած մրցաշարերից են՝ ֆուտբոլի «Գարնանային Կողբ» և Վ. Աղաբաբյանի հուշամրցաշարը, շախմատի «Կողբի բաց մրցաշարը» և Լևոն Քոչարյանի հուշամրցաշարը, թեթև ատլետիկայի Ջահան Կարախանյանին նվիրված հուշամրցաշարը, շաշկու պատանեկան մրցաշարը:




↑ Վեր

Նախորդ էջը:Մանկապարտեզներ