Զիկատար անտառային ուսումնական կենտրոն


header

www.zikatar.am

www.armnaturetourism.org

«Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 1998թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կազմում՝ Պետական փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակով: Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ «ԱԳՓԿ» ՊՓԲ ընկերությունը վերակազմավորվել է «ԱԳՓԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության, հետևյալ գործառույթներով.

  • Անտառի գույքագրում, հաշվառում և անտառկառավարման պլանների մշակում:
  • Անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրություններ և անտառի գենետիկական պաշարների պահպանության և վերարտադրության գիտագործնական փորձարկումներ:
  • Անտառային պաշարների տեղեկատվական բանկի ստեղծում և օգտագործման արդյունավետ ձևերի մշակում:
  • Կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների ստեղծում:
  • Անտառգիտասփյուռ աշխատանքներ:
  • Անտառտնտեսության բնագավառի համար կադրերի գործնական ուսուցում և ակադեմիական հաստատությունների անտառային մասնագիտացմամբ ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում:

Աշխատանքների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 26-ի #1587 որոշմամբ՝ գիտկենտրոնին մշտական օգտագործման իրավունքով անհատույց տրամադրվել է Տավուշի մարզի Զիկատարի անտառտարածքից 150 հա, ուսումնական կենտրոնի շենքի հետ միասին:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրի շրջանակներում իրականացվեց կենտրոնի ենթակայության «ԶԻԿԱՏԱՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» մասնաշենքի վերանորոգումը և մի քանի օժանդակ շինությունների կառուցումը:

«ԶԻԿԱՏԱՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» կողմից առաջարկվող ծառայություններն են.

1.            Անտառային ոլորտի գործնական ուսուցում:

2.            Ակադեմիական հաստատությունների անտառային մասնագիտական բաժինների ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում:

3.            Անտառգիտասփյուռ աշխատանքներ:

4.            Կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպում:

Լրացուցիչ ծառայություններ.

5.            Անտառների գույքագրում, հաշվառում, անտառկառավարման պլանների մշակում:

6.       Խորհրդատվություն անտառվերականգնման, խնամքի, անտառկառավարման՝ կենսաբազմազանության պահպանության, էկոտուրիզմի զարգացման հարցերում, որը կնպաստի համայնքների, մասնավոր սեկտորի և այլ շահառուների մրցակցության բարձրացմանը՝ վերը նշված ոլորտներում:

7.            Ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում:

8.            Անտառային, պտղատու և դեկորատիվ տնկանյութի աճեցում:

Ստորև ներկայացված է յուրաքանչյուր ծառայության հակիրճ նկարագիրը.

1.            Անտառտնտեսության ոլորտի գործնական ուսուցում. կազմակերպվելու են դասընթացներ անտառի պահպանության, անտառկառավարման, շրջակա միջավայրի արժեքի գնահատման, անտառի սերտիֆիկացիայի, անտառաբուծության, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության, անտառային կենսաբազմազանության, վերարտադրության, անտառօգտագործման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Ներկայացվելու են անտառի բնագավառի նորույթները, միջազգային փորձը:

2.            Ակադեմիական հաստատությունների անտառային մասնագիտական բաժինների ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում. ուսանողներին հնարավորություն կտրվի տեսական գիտելիքները կիրառել գործնական ուսուցման ժամանակ, Զիկատարի բազմատեսակ անտառներում մասնակցել անտառային բազմաթիվ գործողությունների: Ուսումնական կենտրոնի աշխարհագրական դիրքը, որն արտահայտված է ուղղաձիգ գոտիականությամբ՝ ծովի մակարդակից 500-ից մինչև 1800 մ. բարձրությամբ, կնպաստի կենտրոնին պատկանող 150 հա անտառային տարածքում իրականացվելիք գործնական ուսուցումներին:

3.            Անտառգիտասփյուռ աշխատանքներ: Առաջիկայում Հայաստանում կազմավորվող մասնավոր և համայնքային անտառի սեկտորի համար կազմակերպվելու է խորհրդատուների գործնական ուսուցում:

4.            Կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպում. կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպումը հիմնականում նպատակ կունենա խթանել անտառի և անտառային կենսաբազմազանության արդյունավետ կառավարման և պահպանման նոր մեթոդների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերումը և փորձի փոխանակումը:

Որպես լրացուցիչ ծառայություն կենտրոնն իրականացնում է անտառտնտեսությունների և մասնավոր կապալառուների պատվերով անտառի հաշվառման, քարտեզագրման և անտառկառավարման 10-ամյա պլանների մշակման աշխատանքներ: Ուսումնական կենտրոնը նախատեսում է դասընթացների մասնակիցների, մասնավորապես արտասահմանյան հյուրերի համար արշավներ կազմակերպել՝ մարզի գեղատեսիլ վայրերի ներկայացման կամ պարզապես ժամանցի նպատակով, որոնց միջոցով մասնակիցներն ավելի լավ կծանոթանան տեղի անտառի հարուստ տեսականուն:

Ապագա ծառայությունների ցանկում է անտառային, պտղատու և դեկորատիվ տնկանյութի աճեցումը և վաճառքը ինչպես անտառի պետական, այնպես էլ մասնավոր սեկտորին: Նման ծառայությունը դասընթացների մասնակիցներին հնարավորություն կտա գործնականում ուսումնասիրել և տեղեկատվություն ստանալ տնկանյութերի և տնկարանների հիմնման և խնամքի առանձնահատկությունների վերաբերյալ:

Վերոնշյալ գործառույթների իրականացման և ծառայությունների մատուցման համար կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորված ննջասենյակներով և հաջող ուսուցումներ կազմակերպել և իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով:

ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԳՓԿ»-ի ենթակայության տակ գտնվող և նրա բաժիններից մեկը հանդիսացող ուսումնական կենտրոնի գլխավոր շենքը զբաղեցնում է 400 քմ տարածք:

Ուսումնական կենտրոնի վարչական շենքը երկհարկանի է՝ տարածքի հետևյալ բաշխվածությամբ.

1-ին հարկ.

-              55 հոգու համար նախատեսված կոնֆերանսների և դասընթացների անցկացման սենյակ (կոնֆերանսների համար նախատեսված կլոր սեղանով՝ 25 հոգու համար, դասընթացի 30 մասնակցի համար նախատեսված առանձին սեղաններով)

-   ճաշարան

-   լաբորատորիա

-   2 վարչական աշխատասենյակ

-   2 սանհանգույց

 

2-րդ հարկ

- 12 ննջարան (3 մեկ տեղանոց և 9 երկտեղանոց՝ առանձին սանհանգույցներով, մշտական տաք ջրով և ցնցուղով)

Ուսումնական կենտրոնին են պատկանում նաև 3 փայտյա տնակները՝ յուրաքանչյուրը  4 երկտեղանոց ննջարանով, ինչպես նաև անտառապահի տնակը, որը ծառայում է պահակին և օժանդակ անձնակազմին:

Կոմունիկացիոն հարմարությունները ներառում են հեռախոսակապը, ֆաքսը, ինտերնետային կապը: Շուտով կգործի նաև կենտրոնի պաշտոնական կայքը:

«ԶԻԿԱՏԱՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ», գտնվելով երեք հանրապետությունների սահմանամերձ շրջանների՝ Նոյեմբերյան (Հայաստան), Մառնեուլի (Վրաստան) և Ղազախ (Ադրբեջան) սահմանագլխին և հագեցած լինելով ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով, մոտ ապագայում կարող է լուրջ հայտ ներկայացնել անտառի գործնական ուսուցման տարածաշրջանային կենտրոն դառնալու:

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԶԻԿԱՏԱՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ »

 

Կենտրոնի հասցեն և հեռախոսահամարները

գ. Կողբ, Տավուշի մարզ,

Հայաստանի Հանրապետություն

Հեռ.      (+374 10) 563081, (+374 066) 52772

Էլ. փոստ՝ zikatar_center@yahoo.com




↑ Վեր
Հաջորդ էջը:Կողբի բժշկական ամբուլատորիա