Կողբեցի անհատներ


Դավիթ Սահակյան

Ծնվել է 12.05.1955թ. Կողբ գյուղում: 1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է թիվ 1 դպրոցը: Դպրոցական տարիներին մի քանի միութենական օլիմպիադաներում եղել է առաջատար: 1971թ. ընդունվել է Երևանի պետ. Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1972 թվականից ուսումը շարունակել է Մոսկվայի ֆիզիկոտեխնիկական ինստիտուտում: 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1980թ.  ստացել է ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում: Միջուկային ֆիզիկայի բնագավառում ունի համաշխարհային ճանաչում: Ամուսնացած է, աշխատում է Թայվանում:

Արարատ Եսայան

Կրթություն -1981-1984թ. Երևանի պետական համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ: 1985-1988թթ. Մոսկովյան ինժիներա-ֆիզիկական ինստիտուտ, պարգևատրվել է ֆիզիկոս ինժիների պատվոգրով: 1988-1991թթ. Մոսկովյան ինժիներա-ֆիզիկական ինստիտուտ, գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտ, մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների թեկնածու: 2005-2007թթ. Կանադայի Կվեբեի Լավալ համալսարան, ֆինանսների և ապահովագրության բաժին: Ֆինանսական ինժիներիայի բնագավառում ունի գիտական աստիճան:

Մասնագիտական փորձ - 2007թ. Կանադայի ազգային բանակ, ավագ վերլուծաբան շուկայական ռիսկերի կառավարման բնագավառում: 2007թ. Կանադայի Կվեբեի Լավալ համալսարանում ֆինանսական ապահովագրության բնագավառի գիտաշխատող: 1997-2005թթ. Կանադայի Կվեբեի Լավալ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, գիտաշխատող-դասախոս:

Հեղինակ է 25-ից ավելի գիտական նյութերի ֆիզիկայի և ֆինանսների բնագավառում

Անդրանիկ Ղուլիջանյան

Ծնվել է 1948թ. Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1966թ. ավարտել է Կողբի միջն. դպրոցը, 1971թ.` Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1971-1973 թթ. աշխատել է Նոյեմբերյանի գյուղատնտեսակամ վարչությունում որպես գյուղատնտես: 1973-1974թթ. անցել է զինվորական ծառայության, այնուհետև 1974-1989թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի Կողբի (ներկայիս Զիկատար) անտառային հենակետի վարիչ: 1984-1989թթ. աշխատել է Բագրատաշենի անտառտնտեսությունում որպես գլխավոր անտառապետ, 1989-1997թթ.` Նոյեմբերյանի  անտառտնտեսության տնօրեն:

1998թ. Ա. Ղուլիջանյանի անմիջական մասնակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվել է  «Անտառային գիտափորձարարական կենտրոնը», որի տնօրենն է հանդիսանում մինչ այժմ: Նրա ջանքերի շնորհիվ Զիկատարում կառուցվել է հանրապետությունում միակ անտառային ուսումնական կենտրոնը, որն արդեն իսկ լայն ճանաչում է գտել միաջազգային անտառային և բնապահպանական ոլորտում:

Ա. Ղուլիջանյանը հանդիսանում է պարենի և գյուղատնտեսեւթյան համաշխարհային կազմակեռպության (FAO) կողմից իրականացվող անտառի գլոբալ գնահատման հայաստանյան թղթակիցը և պատրաստել է հանրապետության անտառների 2005 և 2010թվականների հաշվետվությունները: Նա հանդիսանում է նաև անտառի հետազոտական կազմակերպությունների միջազգային միության IUFRO հայաստանյան գործընկերը և ղեկավարել է 2007թ. Զիկատարում իրականացվող IUFRO -ի 9-րդ գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները:

Հանրապետության բնապահպանական ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար 2008թ. պարգևատրվել է ՀՀ Բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալով:

1983թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 2009թ.` դոկտորոկոն թեզեր:

Պավել Բարսեղյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է 1945թ. Կողբում: 1967թ. ավարտել է Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտը կարմիր դիպլոմով, ռադիոինժեների մասնագիտությամբ: Եղել է Մերգելյան  ինստիտուտի առաջին ցերեկային ասպիրանտը: 1972 թ. Պաշտպանել է թեկնածուական թեզ համակարգիչների ավտոմատացված նախագծման բնագավառում: 1974թ. հրավիրվել է ԵրՊի որպես ամբիոնի վարիչ: Պաշտպանել է դոկտորական թեզ 1990 թ. մասսայական կապերով մեծ համակարգերի մաթեմատիկական տեսության բնագավառում: Այդ տեսությունը ներկայումս լայնորեն կիրառվում է ինտերնետի, սոցիալական ցանցերի, ինչպես նաև նախագծային աշխատանքների պլանավորման համար:

1975-1990 թ. եղել է ԽՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրության ուսումնա-մեթոդական հանձնաժողովի անդամ: Խորհրդային Միության մասշտաբով մի շարք ուսումնական ծրագրերի հեղինակ է համակարգչային մասնագիտությունների համար: Մեծ քանակությամբ գիտական աշխատանքների հեղինակ է և 10-ից ավելի թեկնածուական թեզերի գիտական ղեկավար: 1993թ. հրավիրվել է աշխատանքի ԱՄՆ, կիսահաղորդչային չիպերի նախագծման բնագավառի "Infinite Technology Corp" ընկերություն (Դալլաս, Տեխաս), որտեղ աշխատել է մինչև 1999թ.: 1998թ. հիմնադրել է "DAN technologies" ընկերությունը` կիսահաղորդչային չիպերի ավտոմատացված նախագծման բնագավառում: 1999թ. հրավիրվել է աշխատանքի Կալիֆորնիայի նահանգ, կիսահաղորդչային չիպերի նախագծերի  կառավարման "Numetrics Management Systems, Inc" ընկերությունում որպես գիտության և նոր տեխնոլոգիաների գծով փոխպրեզիդենտ, որտեղ աշխատում է մինչև հիմա: 2008թ. հիմնադրել է "Systemic Project Management" ընկերությունը Տեխասում, բնագավառը` նախագծերի կառավարման նոր տեսության և ծրագրային գործիքների ստեղծում: Ստեղծել է նախագծերի կառավարման և մարդկանց ամենօրյա գործունեության մաթեմատիկական տեսություն, որը հրատարակվել է ԱՄՆ-ում: Այս տեսությունը հիմնված է մարդու վարքը նկարագրող երեք աքսիոմաների վրա, ըստ որոնց մարդը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որ այն պահանջի մինիմալ ջանք, պարունակի մինիմալ ռիսկեր և իրեն պատճառի մաքսիմալ հաճույք:

Ամուսնացած է, ունի երկու որդի և հինգ թոռ:

Սեդա Նասիբյան

Ծնվել է 11.11.1947թ.: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: ԵՊՀ-ում սովորելու տարիներին աշխատել է հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի  գունավոր մետալուրգիայի վարչությունում` տարբեր տնտեսագիտական պաշտոններում: 1974թ. ուղարկվել է Մոսկվայի  լեռնային ինստիտուտ` որտեղ 1978թ.- ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 1979-1983թթ. աշխատել է ավագ գիտաշխատող ԽՍՀՄ պետկոմի գնագոյացման (НИИ)- ում: 1983-1991թթ. ԽՍՀՄ պետպլանին կից արտադրական ուսունմասիրման խորհրդում` որպես ավագ գիտաշխատող: 1991-1994թթ. ՌԴ էկոնոմիկայի նախարարության կից ԱՈՒԽ-ի ավագ գիտաշխատող: 1994թ. մինչև հիմա աշխատում է ՌԴ կառավարությանն առընթեր (АНХ) - ում: 1994-1998թթ. (УМЦ)-ի «Բանկային գործ»-ի տնօրեն: 1998-2001թթ. «Բանկային մենեջմենթ» կենտրոնի տնօրեն, «Բանկային գործ, ֆինանսներ և ապահովագրություններ» ամբիոնի վարիչ, բարձրագույն դպրոց «Մենեջմենթի և մարքետինգի Ինստիտուտի» ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն: 2001թ. մինչև հիմա` «Ֆինանսներ և բանկային գործ» ֆակուլտետի դեկան: ՈԻղղորդում է «Ռուսաստանի ֆեդերացիայի բյուդջետային կարգը» կուրսին:

Հեղինակ է բանկային թեմայով աշխատությունների: Արևմտյան մի շարք երկրներում բանկային արդի կարևորագույն խնդիրների քննարկումների մասնակից: Կին ֆինանսիստների  FWI միջազգային կազմակերպության անդամ (1996 թ.-ից ): Բանկային ծառայությունների, կենսաթոշակային գումարներ, ֆինանսներ, բանկեր, ինվեստիցիաներ ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ:

Լավրենտի Բարսեղյան

Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս: Ծնվել է 1937թ.:  Վարել է մի շարք ղեկավար պաշտոններ, մասնավորապես՝ Երևանի Սպանդարյանի շրջանի ԼԿԵՄ շրջկոմի  առաջին քարտուղար, Երևանի քաղխորհրդի գործկոմի քարտուղար, Հայաստանի շինարարության պետական կոմիտեի հուշարձանների պաշտպանության և վերականգնման վարչության պետի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարարության, կուլտուր-լուսավորական հիմնարկների վարչության պետ, Հայաստանի ազգագիտության պետական թանգարանի(Սարդարապատ) տնօրեն, զուգահեռաբար տնօրինել է նաև ՀՀ հեղափոխության պետական թանգարանը, Երևանի մարզահամերգային համալիրի տնօրեն, «Հայգլխհամերգ» հյուրախաղային – համերգային միավորման գլխավոր տնօրեն, Հայաստանի մինիստրների խորհրդին առընթեր, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչության պետ, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ: 1995 թվից 2006-ը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն: Հանդիսանում է հայ ժողովրդի հնագույն շրջանի պատմության և մշակույթի ակնառու մասնագետներից մեկը:

Ջահան Սարգսի Կարախանյան (Ղարախանյան)

/1918, Կողբ  - 1943, գ. Բաքսի, Ղրիմ/

Յոթնամյա կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա ուսումը շարունակել է Շնողի միջնակարգ

դպրոցում, որն ավարտել է 1938թ.: Նույն տարում զորակոչվել է բանակ, մասնակցել խորհրդա-ֆիննական

և հետագայում նաև Հայրենական Մեծ պատերազմներին, Արևմտյան Ուկրաինայի, Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը, 89-րդ լեգենդար հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որպես ջոկի հրամանատար՝ Կովկասի համար մղվող մարտերին: Խորհրդային Միության Հերոսի կոչմանն արժանացել է 1944թ., հետմահու՝ Նովոռոսիյսկից Վերխնի Բականսկ տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջն ականազերծելու և հարձակվող խորհրդային զորամասերի համար հաղթական ճանապարհ բացելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Զոհվել է դիվիզիայի հրամանատարության համար նոր դիտակետ կառուցելիս: Հուղարկավորված է Ղրիմի Բաքսի գյուղի եղբայրական գերեզմանոցում: Ջահան Կարախանյանի անունով է կոչվում Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որի բակում տեղադրված է հերոսի կիսանդրին: Ջահանին նվիրված բաժին է գործում հայրենի գյուղի պատմության թանգարանում: Կարախանյանի ծնողների կողմից Շնողի միջնակարգ դպրոցին է տրամադրվել նաև որդու անձնական իրերից, գրքերից, լուսանկարներից, որոնք համալրում են Շնողի դպրոցի հայրենագիտական թանգարանի Կարախանյանին  նվիրված բաժինը: Կարախանյանի անունով է նաև գյուղի փայտամշակման արտելը:

Նիկոլայ Սերգեյի Ջաղինյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Ջաղինյանը ծնվել է 1881թ. Կողբում: Կրթությունը ստացել է Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտում (ոսկե մեդալ): 1909-10թթ. Ն. Ջաղինյանը հրավիրվում է Վրաստանի Բաթումի քաղաք՝ բնակելի համալիրների կառուցման նպատակով: 1910թ. աշխատում է Բաքվի նավթահանքերում, որպես գլխավոր ինժեներ, ապա՝ վարչության պետ,  իսկ 1917-18թթ.՝ Սանկտ Պետերբուրգի նավթային կոմիտեում, որպես գիտական աշխատող: 1911թ. Բաքվում կառուցում է Չելեկեն նավթահանքում բնակելի համալիրներ: 1918-23թթ. Ջաղինյանը հայրենի գյուղում՝ Կողբում հիմնադրում է առաջին գյուղական արտելը՝ փոքրիկ հիդրոէլեկտրակայանով և արտելի բազայի վրա փայտամշակման կոմբինատ: 1923-26թթ. Աշխատում է Վրաստանի Թբիլիսի քաղաքի էլեկտրատեխնիկական գործարանում, որպես գլխավոր ինժեներ: 1926թ. Հայաստանի հեղկոմի նախագահ Ա.Երզնկյանի հրավերով գալիս է Հայաստան, մասնակցելու Գյումրիի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների, այնուհետև Ն.Ջաղինյանը, 1928 թ. հայրենի գյուղում կառուցում է Կողբի դպրոցի առաջին հարկը, իսկ 1936թ. ՝ երկրորդ հարկը (դպրոցը նախատեսված է եղել կառուցել երեք հարկով, բայց պատերազմը այն կիսատ է թողնում): 1928-31թթ. Գլխավոր ինժեներ է աշխատում նախ Հայաստանի կոմունալ տնտեսությունում, ապա 1931-36թթ.՝ Հայշինտրեստում,  իսկ 1936-40թթ.՝ Հայաստանի գլխավոր շինարարական վարչությունում: 1932թ.  նա ղեկավարել է Երևանի գաջի գործարանի կառուցման աշխատանքները, իսկ 1933թ. շահագործում է Արթիկի տուֆի առաջին հանքերը, 1934թ. ՝ հիմնադրում Ջաջուռի գրանիտի, ապա` 1935թ. Արարատի ցեմենտի և շիֆերի գործարանները: Կյանքի տարիներին Ն.Ջաղինյանը հիմնադրել է Երևանի, Իջևանի, Կողբի և Վրաստանի մի շարք քաղաքներում հիդրոէլեկտրոկայաններ, իսկ 1940թ. նա տեղափոխվում է Մոսկվա, 1940-42թթ. Աշխատում է ՍՍՀՄ շիննախագիծ համամիութենական ինստիտուտում, որպես գլխավոր ինժեներ, ապա՝ շինարարության գծով՝ նախարարի տեղակալ: 1942թ. մինչև իր մահը նա աշխատել է Մոսկվայի շիննախագծային համամիութենական  ինստիտուտում, նախ՝ գլխավոր ինժեներ, ապա՝ դիրեկտոր: Ն.Ջաղինյանը Նանսենյան հանձնաժողովի անդամ էր:

Լավրենտի Անանյան

1940-2009թթ. - Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր:

Վիգեն Ավագյան

1939-1997թթ.- Բանասիրության դոկտոր, «Հայոց լեզու» դասագրքի հեղինակ:

Գառնիկ Ավագյան

1922-1998թթ. - Կենսաբանական գիտությունների թեկնածու, երկար տարիներ աշխատել է Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն:



↑ Վերև
Հաջորդ էջը:Գրողներ
Նախորդ էջը:Կողբի պատմության թանգարան