Պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ


header

Կողբ գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում և համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը:  Ըստ «Աշխարհացույցի» Կողբը նշված է նաև Կողբաքար, այն որոշ դարերում Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի վարչական կենտրոն լինելուց բացի (Փավստոս Բյուզանդ, Մովսես Խորենացի՝ «Պատմություն Հայոց» 387թ.), ցույց է տրված նաև Ուտիք նահանգի կազմում՝ դեպի Փոքր Ասիա, Իրան, Ասորեստան, Վրաստան, Արարատյան Աշխարհ, Գանձակ և Աղվանք ճանապարհաբաժանում գտնվող պատմական գավառի տարածք:

Ըստ Մովսես Խորենացու` Կողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար:

Կողբի՝ տարածաշրջանի և Հայաստանի հնագույն բնակատեղի լինելու մասին են վկայում հազարամյակների հնություն ունեցող պատմական հուշարձանները, հին բնակատեղիները, դամբարանները և պեղված նյութերը:

19-րդ դարի վերջին, ազգագրագետ-եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը Կողբի մասին գրում է «Կողբն ունի կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի,  կառուցված վեց  սյուների վրա, երկարությունը 22 մետր, լայնությունը 12 մետր, երկու քահանայով: Եկեղեցում կար գրչագիր ավետարան, գրված Դիզագ  գավառի Տագ գյուղում՝ սարկավագ Նասիպի կողմից, 1563թ-ին»:

Մինչ 1920թ.-ը Կողբը գտնվել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի կազմում, իսկ Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ մինչև 1937թ-ը Դիլիջանի, Ալավերդու և Իջևանի շրջանների կազմում: Հետագա տասնամյակներում, մինչև Տավուշի մարզի ստեղծումը գտնվել է Նոյեմբերյանի շրջանի կազմում:

Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով: Ծովի մակերևույթից բարձրությունը 800մ է: Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 աստիճան, իսկ տեղումները 600-700մմ: Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական:

Գյուղը գտնվում է սեյսմիկ գոտում, որի մասին գրել են նաև միջնադարի պատմիչները: Կիրակոս Գանձակեցու վկայությամբ 1188թ. երկրաշարժից ավերվել է Մշկավանքը, մահացել են չորս հոգևորականներ: Մեր ժամանակներում ավերիչ երկրաշարժեր են գրանցվել 1988 և 1997 թվականներին:

Գյուղով հոսում է Կողբ գետը, հանքային ջրի պաշարներ կան Ղամշութալայում և Կոզմանում: Տարածքը հարուստ է անտառներով, կրաքարերով, ավազով, ցեոլիտենորվ, կավերով, գիպսերով: Կան նաև երկաթի հանքատեղեր, որոնք օգտագործվել են նաև հնագույն ժամանակներում (Բովեր): Հողերը գորշ շագանակագույն են, ռելիեֆը՝ կտրտված:




↑ Վեր
Հաջորդ էջը:Պատմամշակութային վայրերը և կոթողները
Նախորդ էջը: Կողբ-Թումո