Պատմամշակութային վայրերը և կոթողները


header

Հուշարձան

 

 

 

 

 

1941-45թթ. Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին 750 կողբեցիներ, նրանցից 276-ը չվերադարձան: Գյուղի կենտրոնում է գտնվում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Մշկավանք

Գյուղի հարավային մասում, 3 կմ հեռավորությամբ, Կողբագետի աջ մասում` անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա, կառուցված է Մշկավանք (Մշակավանք) եկեղեցին: Պահպանվել են եկեղեցու արևմտյան ճակատին կից գավիթը՝ արևելյան՝ անկյունային մասերի խուցերով: Մշկավանքի կառուցման մասին կոնկրետ թվային տվյալներ չկան, բայց առկա է Վարդան Արևելցու հիշատակությունը 1219 թվականի երկրաշարժի մասին, որտեղ նշվում է Մշկավանքի անվանումը:

Ագեղցի (5-7 դար)

Գյուղատեղի եկեղեցի

Գյուղից 2կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավեր պատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ: Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից: Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու , որ եկեղեցին եղել է փայտածածկ:

Կողբի կենտրոնական եկեղեցի

Սուրբ Աստվածածին, 5-րդ դար

Պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար: 1936 թվականին եկեղեցին քանդել են:

 

 

 

 

 

 

 

 

Տվարաեղցի (Տվարագեղցի)

Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին: Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով: Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով: Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է: Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ:

Սուրբ Նշան ուխտատեղի (Բաձրել)

Գտնվում է գյուղի հարավային կողմում՝ բարձրադիր սարագագաթին: Ծածկը եղել է փայտաշեն: Պահպանվել  է մեկ խաչքար:

Հին Կողբ (Կողբափոր գյուղատեղ)

Ավերակ գյուղատեղ, կիսավեր եկեղեցի և հին հանգստարան, որը գտնվում է նոր Կողբից 1 կմ վերև՝ գետի աջ կողմում:

Մխիթար Վարդապետ (Մատուռ)

Գտնվում է նոր Կողբից վերև՝ այգիների մոտ` գետի ձախ ափին: Ծածկը փայտաշեն է: Պահպանված են խաչքարեր և զարդաքարեր:

Կողբի կենտրոնական գերեզմանատան եկեղեցի

Պահպանվել է կիսավեր պատի մի հատված և երկու խաչքար, որոնք թվագրվում են 13-րդ դարով:

Սուրբ Առաքել (Խեչի քար)

Այս քարակերտ մատուռը գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան հանդիպակաց սարի վրա, որից մնում են կիսավեր պատերը: Շրջակայքում կա հանգստարան և գյուղատեղ:

Վարդի Գյուղ

Գյուղի արևմտյան կողմում կիսավեր մատուռ է և գյուղատեղի, շրջակայքում պահպանվել են բազում խաչքարեր:

Բարսոմի գեղատեղ

Այստեղ կա հանգստարան և մի կիսավեր մատուռ, որը նաև անվանվում է Բարսոմի ճգնավոր:

Ամուրիների Սար

Կողբի արևմտյան բարձունքի վրա է գտնվում խաչարձաններով այս գերեզմանատեղին: Այն հանդիսանում է 30 ամուրի կողբեցիների գերեզմանատեղին, ովքեր կռվելով և փախուստի մատնելով լեզգիներին` հետագայում այդ նույն սարի վրա սպանվում են համալրված լեզգի հրոսակների կողմից:

* հանգստարան (հանգիստարան) - գերեզմանատեղ




↑ Վեր
Հաջորդ էջը:Պատմական փաստաթղթեր և տոհմածառեր
Նախորդ էջը:Պատմաաշխարհագրական համառոտ ակնարկ