Թատրոն

<<Կողբի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում գործում են երկու գրադարան, թանգարանային ցուցանմուշների ցուցասրահ, գործող երգի, պարի, դհոլի, կարատեի և ֆուտբոլի խմբակներ, պարբերաբար հանդես եկող թատերախումբ (տիկնիկային և թատերական ներկայացումներ) , այսուհանդերձ համայնքում կազմակերպվում են հիշարժան ու տոնական օրերի միջոցառումներ, հաճախ են նախաձեռնվում նաև մանկապատանեկան սպորտլանդիաներ: Թատերախումբը ստեղծվել է 2005թ.-ին: Բեմադրվել ու հանդիսատեսի դատին են ներկայացվել Մ. Քոչարյանի <<Կինն ուսադիրներով>> դրաման (2005թ.), Ա. Բարսեղյանի <<Պոկված կրունկներ>> դրամատիկական նովելը (2006թ.), Ժ. Անանյանի <<Լույս քեզ տեսնողին>> կատակերգությունը (2008թ.), Հ. Մաթևոսյանի <<Աշնան արև>> վեպի համանուն պիեսը (2010թ.), Գ. Խուգաևի <<Անդրոն ու Սանդրոն>> (2016թ.), Գ. Խանջյանի <<Կալանք>> դրաման (2017թ.): Տիկնիկային թատրոնը սկսել է գործել 2006թ.-ից: Բեմադրվել են <<Լավություն արա, ջուրը գցի>> ժողովրդական հեքիաթը, Ա. Խնկոյանի <<Մուկ փեսացուն>>, <<Մկների ժողովը>>, Հովհ. Թումանյանի <<Շունն ու կատուն>>, <<Չարի վերջը>>, <<Բարեկենդանը>>, <<Սուտլիկ որսկանը>>, <<Անխելք մարդը>>, <<Անբան Հուռին>>: Ելույթների ծրագրում ընդգրկված են նաև <<Երեք խոզուկներ>> և <<Բրեմենյան երաժիշտներ>> հեքիաթները: Խումբը ելույթներով հանդես է եկել մարզի տարբեր բնակավայրերում, Լոռու մարզում, Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում և տիկնիկային թատրոնում : <<Կողբի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ի թանգարանային ցուցանմուշների ցուցասրահը հիմնվել է 1970թ.-ին: Այստեղ հնարավորինս ներկայացված է Կողբի անցյալը, կենցաղը, կյանքը: Թանգարանային ցուցանմուշների ցուցասրահում ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ` սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից, որոնք ի հայտ են եկել պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, վար ու ցանքի ժամանակ: Ցուցանմուշները տեսակավորվել ու ցուցադրվում են առանձին խմբերով` բնորոշելով ժամանակաշրջանն ու օգտագործման նպատակը:
↑ Վեր
Հաջորդ էջը:Կողբի պատմության թանգարան
Նախորդ էջը:Կողբի Գեղարվեստի Դպրոց