Բժիշկ


Կոլյա Եգորի Նասիբյան

Ծնվել է 1920թ. ապրիլի 14-ին Կողբ գյուղում, ատաղձագործի ընտանիքում: Սովորել է Կողբի դպրոցում մինչև 8-րդ դասարան, այնուհետև ուսումը շարունակել է Թիֆլիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո` 1937թ. ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Մեծ հայրենական պատերազմի սկսվելուց հետո ուսանող Նասիբյանին արտահերթ տրվում է բժշկի դիպլոմ և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի ընթացքում պարգևատրվում է «Կարմիր աստղի» երկու շքանշաններով, «Քյոնիգսբերգի գրավում»   և «Բեռլինի գրավում» շքանշաններով, Չեխոսլովակիայի ազատագրության շքանշանով և «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ» կոչումով: Բժիշկ Կոլյա Նասիբյանի համար պատերազմն ավարտվեց Պրագայում` 1945թ.: Նա հայրենի գյուղ վերադարձավ միայն Մեծ հայրենականի ավարտից հետո` 1946թ.: Եռանդուն աշխատելով և բուժման պրակտիկա ձեռք բերելով, նա նաև դարձավ գյուղի հասարակական ակտիվիստներից մեկը, փորձելով սանիտարահիգիենիկ կուլտուրա մտցնել գյուղում: Նրա նախաձեռնությամբ Ծակ քար-Գունգ ջրագիծը վերանորոգվեց, սկսվեցին գյուղի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Կոլյա Նասիբյանը ջանքեր չխնայեց որպեսզի գյուղում ստեղծվի կոլխոզային առողջարան, ինչպես նաև ակադեմիկոս Արտո Ալեքսանյանի հետ ձեռնամուխ եղավ նոր գյուղական հիվանդանոցի ստեղծմանը: Շուրջ 10 տարի աշխատելով գյուղական բժիշկ` Կոլյան (ինչպես ժողովուրդը նրան դիմում էր) մարդկանց նկատմամբ իր հոգատարությամբ և բարությամբ կարողացել էր նվաճել ժողովրդի սերն ու հարգանքը ոչ միայն Նոյեմբերյանի շրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Իր մասնագիտության նկատմամբ սերն ու նվիրվածությունը ինչ-որ տեղ դարձավ նրա անժամանակ և ողբերգական մահվան պատճառ: Մի անգամ կեսգիշերին նրա տան դուռը թակեցին: Հեռավոր գյուղից` Դոստլուից (Բարեկամավան) էին, խնդրում էին օգնություն ցույց տալ հղի կնոջը: Գիշերը մառախլապատ և անձրևային էր, բժիշկը անկողնուց վեր կացավ, նստեց ձիու թամբին և սլացավ փրկելու ծննդկանի կյանքը, սակայն ճանապարհին ձին սայթաքում և ընկնում է բժշկի հետ միասին: Չնայած դժոխային ցավերին, բժիշկ Նասիբյանը այնուամենայնիվ հասնում և հաջողությամբ ընդունում է ծնունդը... Չխնայելով իրեն, նա ամբողջությամբ տրվում էր, նվիրվում իր մասնագիտությանը և մարդկանց: Հաջողությամբ հանձնելով թեկնածուական նվազագույնը, բժիշկը պատրաստվում էր պաշտպանել դիսերտացիա: Սակայն հենց դիսերտացիայի պաշտպանության նախօրեին Կոլյա Նասիբյանը ծանր հիվանդանում է: Դա այն չարաբաստիկ գիշերվա դաժան հետևանքն էր: 1955թ. ապչիլի 8-ին, գաչնանային առավոտյան բժիշկն այլևս չկար: Նա մահացավ 35 տարեկանում, մարդկային սրտերում իր մասին թողնելով պայծառ հիշատակ: Բժիշկ Կոլյա Եգորի Նասիբյանին վերջին հրաժեշտ տալու համար ժամանել էին գրեթե ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից: Նրան ճանապարհում էին ամբողջ գյուղով: Մի գիշերվա մեջ կամուրջ պատրաստելով Կեղբա գետի վրայով, նրա աճյունը ամբողջ գյուղով շրջեցին և ամփոփեցին իր տնից ոչ հեռու գտնվող Գունգ կոչվող բարձունքին, այն տեղի մոտակայքում, ուր նրա նախաձեռնությամբ ջրագիծ էր անցկացվել... Բժշկի գերեզմանի տապանաքարին փորագրված է. «Մարդիկ, սիրեցեք և հարգեցեք այս շնորհաշատ մարդուն, նա շատ էր սիրում ու հարգում մարդկանց»:

Բժշկի մահվանից հետո, ԽՍՀՄ կառավարության որոշումով Կողբի գյուղական հիվանդանոցը կոչվեց Կոլյա Եգորի Նասիբյանի անունով: Հետագայում, 1973թ. Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցն էլ  անվանակոչվեց և մինչև օրս էլ կրում է Կոլյա Նասիբյանի անունով, իսկ նրա բակում կանգնեցվեց Ճանաչված քանդակագործ Ֆրեդ Սողոյանի կերտած Կ. Նասիբյանի հուշարձանը: Անվանի բժշկին նվիրված` 1960 - ականներին «Արմենֆիլմը» լիամետրաժ կինոֆիլմ նկարահանեց «Ապրում էր մարդը» վերնագրով: Բժշկի դերում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն էր նկարահանվել: Նաև բազմաթիվ գրքեր կան գյուղական բժիշկ Նասիբյանի մասին, այնպիսի գրողների հեղինակությամբ, ինչպիսիք են Վարդգես Պետրոսյանը, Գևորգ Էմինը, Զորի Բալայանը, Սողոմոն Գարբուզովը, Ռաֆայել Փարսադանյանը:

Բժիշկ Կոլյա Նասիբյանի հիշատակը հավերժ կմնա կողբեցիների հիշողության մեջ:




↑ Վեր
Հաջորդ էջը:Արվեստագետներ
Նախորդ էջը:Բժիշկներ